Դասընթացներ

Դասընթաց՝ «Տեղեկությունների ստուգման օնլայն գործիքներն ու տեխնոլոգիաները» թեմայով

Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) նախաձեռնությամբ փետրվարի 5-7-ը Երևանում լրագրողների համար կազմակերպվել է դասընթաց «Տեղեկությունների ստուգման օնլայն գործիքներն ու տեխնոլոգիաները» թեմայով:
Դասընթացը վարում էր “Conflict Intelligence Team” (CIT) հետաքննական խմբի հիմնադիր Ռուսլան Լևիևը (Ruslan Leviev) Ռուսաստանից: Դասընթացի ծրագիրը մշակվել էր “Bellingcat”-ի հետ համատեղ։

Դասընթացի ժամանակ ներկայացվեցին CIT-ի իրականացրած հետաքննությունների օրինակները, ինչպես նաև սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունների ճշգրտման, ֆեյսբուքում ընդլայնված որոնման, լուսանկարների և տեսանյութերի ներբեռնման վերաբերյալ տվյալների ճշտման մեթոդները: Բացի այդ, մասնակիցները հմտություններ ձեռք բերեցին օգտվել տվյալների բաց բազաներից, տեղեկություններ փնտրել աշխարհագրական տեղանքի, փոխադրամիջոցների, մարդկանց, կազմակերպությունների մասին և գործնականում կիրառել տվյալ գործիքները:

Դասընթացին ներկա էին լրագրողներ՝ Հետք, Кавказский Узел, CIvilNet,  Ամփոփ Մեդիա,  Իրազեկ քաղաքացիների միավորում,  Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն լրատվամիջոցներից, ինչպես նաև անկախ լրագրողներ, ներկայացուցիչներ Հայաստանի այլ կազմակերպություններից:
Դասընթացը կազմակերպվել էր «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրերի շրջանակներում:
«Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» նախագիծն իրականացվում է Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի (Black Sea Trust)  ֆինանսավորմամբ,  ինչպես  նաև  Ամերիկայի  ժողովրդի  աջակցությամբ՝  ԱՄՆ  Միջազգային զարգացմանգործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

Ծրագրի նպատակն է խթանել հայաստանյան լրատվամիջոցներում փաստերի ստուգման մշակույթի զարգացումը՝ նորությունների, լրագրողական նյութերի  ճշգրիտ,  անկողմնակալ  և  հավասարակշռված  ներկայացման  նպատակով,  ինչպես  նաև  զարգացնել  լրատվամիջոցների  ներկայացուցիչների փաստերի  ստուգման  հմտությունները՝   նվազեցնելով  ապատեղեկատվության  և  հանրային  թյուրընկալման  ռիսկը  և  բարելավելով հանրային իրազեկությունը։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend