ԳլխավորՀանրամատչելի դիզայնի մրցույթ՝ կայքերի համար

Հանրամատչելի դիզայնի մրցույթ՝ կայքերի համար

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հայտարարում է Լրատվական կայքերի առաջին էջերի հանրամատչելի դիզայնի (User Interface UI, User experience UX design) եւ կայքում հանրային թղթակցության տարր ընգրկելու մրցույթ ու հրավիրում առցանց լրատվամիջոցներին ներկայացնելու իրենց նոր կայքէջերի գաղափարներն ու առաջարկները: 

Մրցույթի հաղթող կայքը կարժանանա 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի մրցանակի: 

249 Դրամական մրցանակը կտրվի ներկայացված նոր և հանրամատչելի դիզայնի գաղափարը 4 ամսվա ընթացքում կյանքի կոչելու համար:

Մրցույթին կարող են դիմել բոլոր լրատվական կայքերը: 

Հայտերն ընդունվում են ս.թ. հոկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 15-ը, ժամը 23:59-ը:  

Այս մրցույթը նպատակ ունի աջակցել առցանց լրատվամիջոցներին` կայքերը արդիականացնելու և օգտատերերի համար առավել գրավիչ դարձնելու հարցում: 

Մրցույթը հայտարարվում է ՀԼԱ-ի`«Նոր տեխնոլոգիաներն հօգուտ նոր մեդիայի եւ հանրային լրագրության» ծրագրի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության կողմից ստացած դրամաշնորհի շնորհիվ:  

Նախագծի շրջանակում Հանրային լրագրության ակումբը կազմակերպում է նաև UI և UX design սեմինար: Սեմինարին կարող են մասնակցել մրցույթին դիզայնի հայտ ներկայացնել ցանկացող բոլոր ընկերությունների ներկայացուցիչները:

Սեմինարի մասին կտեղեկացվի առանձին հայտարարությամբ:

Մրցույթի, ինչպես նաև հանրամատչելի դիզայնի սեմինարներին մասնակցելու համար դիմել Սեդա Մուրադյանին` info@pjc.am և +37494 755 898 կամ այցելել www.pjc.am կայք:

Մրցույթի պայմաններն ու մանրամասները

 Ինչու՞ մասնակցել

Մրցույթը հնարավորություն է տալիս առցանց լրատվամիջոցներին իրենց օգտատերերին ներկայանալ նորաոճ, հեշտ օգտագործելի, դինամիկ և թղթակցությունների ստեղծման գործում ընթերցողի անմիջական մասնակցությունը խթանող կայքի դիզայնով: Տեղեկատվական խիստ մրցակցային դաշտում կարևոր է ոչ միայն հետաքրքիր և արժանահավատ բովանդակությունը, այլև այն ներկայացնելու ձևը: Կայքի կառուցվածքը և ձևավորումը լրատվամիջոցի այցեքարտն են: 

Մրցույթի համար մշակված նոր դիզայնի շնորհիվ լրատվամիջոցը կարող է`

  • Գրավիչ լինել առավել մեծ թվով ընթերցողների համար,
  • Հասանելի դառնալ նոր լսարանին,
  • Ընթերցողի հետ երկխոսության մեջ մտնել և ներգրավել բովանդակությունը միասին ստեղծելու գործընթացում,
  • Ուղղորդել, տեղեկացնել, հաղորդակցվել ոչ միայն բովանդակության, այլև արդիական դիզայնի միջոցով:

 

Ո՞վ կարող է մասնակցել

 Մրցույթին կարող են մասնակցության հայտ ներկայացնել`

  • Առցանց լրատվամիջոցները, լրատվական կայքերը:
  • Տպագիր թերթերը, որոնք զուգահեռաբար ունեն նաև առցանց հարթակ,
  • Կայքերի դիզայներներ, ովքեր հայտը ներկայացնում են վերոհիշյալ որևէ լրատվամիջոցի հետ համատեղ:

 

Ինչպե՞ս մասնակցել

  • Մշակեք ձեր լրատվամիջոցի կայքի հանրամատչելի դիզայնի նոր գաղափարը,
  • Ստեղծեք այդ գաղափարի նախատիպը: Նախատիպը կարելի է ներկայացնել շատ պարզ` PDF ձևաչափով,
  • Նախատիպը ներկայացնող փաստաթղթում ներառեք`

1. կայքի գաղափարի համառոտ նկարագիրը (200 բառ)

2. կայքի սխեմատիկ քարտեզը  

3. առաջին գլխավոր էջի դիզայնը, որտեղ քարտեզը կարտացոլվի վիզուալ ձևով

4. կայքի նոր նախատիպում հանրային թղթակցություն ներգրավելու ձեր պատկերացումը, մոդելը: Խրախուսվում է օգտվել արդեն գործող հանրային թղթակցության հարթակներից, մասնավորապես www.mynews.am հանրային թղթակցության կայքի հնարավորություններից:

  • Լրացրեք կից հայտ-դիմումի ձևը,
  • Հայտը և կայքի դիզայնի նախատիպը ներկայացնող փաստաթուղթը միասին ուղարկեք info@pjc.am էլ. հասցեին մինչև նոյմեբերի 25-ը, ժամը 23:59-ը, կամ բերեք ՀԼԱ գրասենյակ՝ Կողբացի 39 հասցեով:

 

Մրցույթի պայմաններ

  • Մրցույթին մասնակցող յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ներկայացնել միայն մեկ հայտ և կայքի առաջին էջի նոր դիզայնի միայն մեկ գաղափար,
  • Կայքը պետք է բավարարի UI, UX դիզայնի հիմնարար սկզբունքներին,
  • Բացի կայքի հանրամատչելի դիզայնի չափանիշներին համապատասխանելուց, կայքի գաղափարը պետք է ունենա նաև հանրային լրագրությունը և լուր ստեղծելու գործում օգտագործողի ակտիվ մասնակցությունը խթանող բաղադրիչ: Հանրային լրագրության բաղադրիչի ներառումը կայքի նոր դիզայնում նախապայման է: Նախապատվություն կտրվի արդեն գործող հանրային թղթակցության հարթակներից օգտվելու մոտեցումներին, սակայն նոր գաղափարները նույնպես ողջունելի են, 
  • Փաստաթղթերը պետք է ներկայացնել մինչև նշված վերջնաժամկետը: Ուշացած դիմումները հաշվի չեն առնվի,
  • Հաղթողին որոշում է մասնագիտական ժյուրին` անանուն և փակ քվեարկությամբ: Ժյուրին ընդգրկում է նվազագույնը 5 անդամ` կայքի դիզայնի, հաղորդակցության և հարակից այլ ոլորտներից,
  • Մրցույթի արդյունքների մասին մասնակիցները կտեղեկանան հայտերը ներկայացնելու վերջնաժամկետից հետո` 20 օրվա ընթացքում,
  • Հաղթող կայքը կհայտարարվի ՀԼԱ-ի կայքում և հանրային տեղեկատվության այլ միջոցներով,
  • Հաղթող կայքը պետք է համաձայնվի հաշվի առնել ժյուրիի եզրակացությունը, խորհուրդները (եթե այդպիսիք լինեն) դիզայնի աշխատանքների իրականացման ընթացքում: 
  • Հաղթող կայք ներկայացնող լրատվամիջոցին տրամադրվում է 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամային մրցանակ` այն իրագործելու համար:
  • Հաղթելու դեպքում հայտ ներկայացնող լրատվամիջոցը պարտավորվում է դրամական մրցանակը և հավաստագիրը ստանալուց հետո 4 ամսվա ընթացքում իրականացնել կայքի վերափոխումը` համաձայն հայտում ներկայացված դիզայնի: Իրականացման փուլում  հաղթող դիզայնը պետք է հիմնականում պահպանվի: Մասնակի փոփոխությունները թույլատրելի են միայն տեխնիկական առաջնահերթություններից ելնելով:
  • Հայտը պետք է  հաստատված լինի լրատվամիջոցի տնօրինության կողմից: Հետևաբար  հայտին կից ներկայացնել կնիքած և ստորագրված նամակը` էլեկտրոնային կամ տպված տարբերակով:

Նշում. Հնարավոր է կազմակերպվի մրցույթի երկրորդ փուլ: Դա պայմանավորված կլինի ներկայացված նախագծերի լիարժեքությամբ կամ պայմաններին բավարարելու փաստով: 

Այդ պարագայում, երկրորդ փուլ անցած յուրաքանչյուր հայտատուի ժյուրին կտրամադրի խորհուրդներ և եզրակացություն` մրցույթի վերջին փուլում նոր հայտը վերամշակելու եւ ներկայացնելու համար: 

Ի՞նչ է հանրամատչելի դիզայնը (User Interface = UI, User Experience = UX) 

Պրոֆեսիոնալ UI և UX դիզայնը հնարավորություն է տալիս օգտագործողին ինտուիտիվ և բնական ձևով օգտվել դրանից: 

Գոյություն ունեն UI և UX դիզայնի մի շարք չափորոշիչներ և դրանց տարատեսակ դասակարգումներ: Ըստ Լարի Կոնստանտինի և Լյուսի Լոքուիդի` օգտագործողի կարիքներին միտված դիզայնը հիմնվում է հետևյալ հիմնարար սկզբունքների վրա`

  • Կառուցվածք. վերաբերում է դիզայնի ամբողջական ճարտարապետությանը: Պետք է լինի պարզ, հստակ, ինտուիտիվ, ճանաչելի, տարազատի գլխավորը երկրորդականից, համադրի նման տարրերը և այլն:
  • Պարզություն. դիզայնը պետք է լինի պարզ, հրահանգները` դյուրըմբռնելի, հաղորդակցության լեզուն և ոճը` հասկանալի և ընկալելի օգտագործողի համար: Հրահանգային սիմվոլները հստակ պետք է կապակցվեն ընթացակարգերին և գործողություններին:
  • Տեսանելիություն. բոլոր նշաններն ու հրահանգները պետք է լինեն օգտագործողի աչքի առջև, սակայն չշեղեն նրան: Հաջողված դիզայնը չի ծանրաբեռնում և չի շփոթեցնում այլընտրանքային տարրերով կամ ավելորդ տեղեկատվությամբ:
  • Հետադարձ կապ. դիզայնը պետք է օգտագործողին իրազեկի օպերացիոն սխալների, իրավիճակի կամ կարգավիճակի փոփոխությունների մասին` հակիրճ և օգտագործողի համար հասկանալի ու ճանաչելի լեզվով:
  • Ճկունություն. դիզայնը պետք է ճկուն լինի, նվազեցնի տեխնիկական և օպերացիոն սխալների հավանականությունը, ինչպես նաև կասեցնի դրանք` օգտագործողին հնարավորություն տալով հետ ու առաջ անել և փոփոխել գործողությունները:
  • Կրկնություն. դիզայնի ներքին և արտաքին բաղադրիչները  պետք է օգտագործողի հիշողության մեջ ամրագրեն կրկնվող գործողությունների տրամաբանական հերթագայությունը: Օգտագործողը չպետք է ստիպված լինի ամեն անգամ նոր գործողություն մտապահել կամ վերհիշել: 

UX դիզայնն իր հերթին ընդգրկուն հասկացություն է: Այն վերաբերում է թվային, համակարգիչի միջոցով ստեղծված կամ ցանկացած այլ հաղորդակցության միջոցի ձևավորմանը, որը հնարավորություն է տալիս օգտատուին անմիջականորեն շփվել և հեշտությամբ կիրառել ներկայացված գործիքները:

Մրցույթի մասնակցության հայտի ձեւը գտեք կից ֆայլում:



Մեդիա կենտրոն

«Մեդիա կենտրոն»-ը հարթակ է` կոչված մեկտեղելու Հայաստանի քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը: 

«Մեդիա կենտրոն»-ի հիմնական առաքելությունն է երկխոսությունների, քննարկումների ու բանավեճերի խթանումը քաղաքացիական խմբերի փորձագետների, քաղաքական գործիչների և լրատվամիջոցների միջև, Հայաստանում բանավեճերի մշակույթի հիմնումը, ինչպես նաև հաղորդակցության արդյունավետ ուղիների ստեղծումը քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կառույցների և առաջատար լրատվամիջոցների միջ:

Ուզու՞մ ես իմանալ ինչպես կիրառել քո գրպանի լուր ստեղծելու գործիքը

Դիտի՛ր տեսանյութը:

Հավելվածները ստեղծվել են «Մոբայլ տեխնոլոգիաներ` իրազեկ ընտրությունների համար» նախագծի շրջանակներում:  Հավելվածի տեխնիկական  իրականացումը, կատարվել է ՀԼԱ գործընկեր, այս նախագծում մեր տեխնիկական ծրագրերի համակարգող mLAB ECA –ի կողմից: 

Անդրոիդ հեռախոսների համար նախատեսված հավելվածը բեռնելու համար հարկավոր է սեղմել այստեղ:

Իսկ iOS համակարգով աշխատող հեռախոսների համար նախատեսված հավելվածը բեռնելու համար հարկավոր է սեղմել այստեղ: 

«Armnet 2012» մրցանակաբաշխությունում
MyNews Mobile-ը ճանաչվել է լավագույն բջջային հավելված եւ արժանացել «Օրանժ»-ի սահմանած հատուկ մրցանակին: 

2 պատվոգրի էլ արժանացել է «Տարվա առաջընթաց» եւ «Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգերում մրցանակի հավակնորդ ճանաչվելու կապակցությամբ: 

Facebook       Twitter       GooglePlus       LinkedIn       YouTube            Odnoklasniki

Twitter