Ամփոփոգիր. խնդիրներ և առաջարկներ

«ՀՀ-ում հակասոցիալական վարք դրսևորած անչափահասների իրավունքների պաշտպանությունը հատուկ կրթական հաստատությունում» թեմայով փորձագիտական քննարկում

փետրվար 12-13, 2019

 

Լրագրողական, ինչպես նաև տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում դեռևս 2018-ին վեր հանվեցին մի շարք խնդիրներ ՀՀ-ում հակասոցիալական վարք դրսևորած երեխաների ուսման և խնամքի միակ հանրապետական հաստատությունում՝ արտացոլելով Վարդաշենի թիվ 1 հատուկ կրթահամալիրում անչափահասների իրավունքների պաշտպանության ներկա վիճակը։  Պարզվում է, որ տարիների ընթացքում այստեղ արձանագրված խնդիրները դեռևս շարունակում են գոյություն ունենալ, գործող պրակտիկաները չեն վերացնում երեխայի իրավունքի և շահերի ոտնահարման դեպքերը։ Ավելին, դրանք հաճախ քողարկված բնույթ են ունենում, ինչը  դժվար է դարձնում խնդիրների բացահայտումը։

Հակասոցիալական վարք դրսևորած անչափահասների իրավունքի պաշտպանության հիմնահարցերն առավել խորքային և նպատակային քննարկման առարկա դարձնելու նպատակով հրավիրված փորձագիտական քննարկումը և դրան հաջորդող աշխատաժողովը հնարավորություն տվեցին ներկայացնելու խնդիրների խորքային բովանդակությունը և ձևակերպելու դրանց լուծմանն ուղղված՝ փորձագիտական հանրության առաջարկները։

Փորձագիտական քննարկմանը ներկա էին ՀՀ պատկան գերատեսչությունների,  միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, հանրակրթական դպրոցի ներկայացուցիչներ, իսկ աշխատաժողովին ներկա էին ՀՀ մարզպետարաններում գործող ընտանիքի, կանանց և անչափահասների պաշտպանության բաժինների, սոցիալական աջակցության տարածքային գրասենյակների, քաղաքապետարանների խնամակալության հանձնաժողովների աշխատակիցները՝ որպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի վերաբերյալ համայնքներում որոշում կայացնողներ։  

Երեխաների իրավունքի խախտումները սկսվում են հանրապետական թիվ 1 կրթահամալիր ուղղորդելու մեխանիզմների  անկատարության և ընթացակարգերի բացակայության պատճառով։ Թիվ 1 հատուկ կրթահամալիրի կանոնադրությունը թույլ է տալիս ընդունել ինչպես իրավախախտ երեխաներին, այնպես էլ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ ուղղակի կրթությունից խուսափող երեխաներին։ Կրթությունից խուսափելը համարվում է վարքային խնդիր և հավասարեցվում իրավախախտմանը։ Համայնքներում չի կատարվում երեխաների ռիսկայնության գնահատում, որովհետև ռիսկայնության չափման գործիքներ չկան։ Ըստ ներկա վիճակագրության, երեխաների ավելի քան մեկ երրորդը /17 երեխա/ պարզապես սոցիալական տարբեր խնդիրների պատճառով է գտնվում հաստատությունում/ընտանիքը սոցիալապես անապահով է, կամ ծնողն աշխատում է գիշերային ժամերին և այլն/։ ԵԻՊԲ բաժինները գրչի մեկ հպումով երեխաներին տեղավորել են թիվ 1 կրթահամալիրում, որտեղ երեխան պիտակավորվել է իբրև հակասոցիալական վարք ունեցող։ Բազմակի իրավախախտում կատարած և ոստիկանությունում հաշվառված երեխաները հայտնվել են ակնհայտ հակասոցիալական վարք չունեցող երեխաների հետ միևնույն տարածքում։ Այսինքն, կրթության և խնամքի տարբեր կարիքներ ունեցող երեխաներին առաջարկվում են միևնույն պայմաններն ու ծառայությունները։ Հաշվի չեն առնվում տարիքային զարգացման առանձնահատկությունները և խնամքը չի կազմակերպվում ըստ այդ պահանջների։ Ինչպես քննարկման ժամանակ բացահայտվեց, այս խնդիրն արձանագրվել է հանրապետության մյուս հատուկ դպրոցներում ևս։ 2019թ-ի հունվարին, ընդամենը չորս հատուկ դպրոցներում կրթության նախարարությունը կարիքի գնահատմամբ պարզել է, որ 360 երեխայից 191-ը այնտեղ հայտնվել են սոցիալական խնդիրների պատճառով և ենթակա են համընդհանուր ներառման։ ԿԳՆ ներկայացուցիչը խոստովանեց, որ նախարարության բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի թիմերը  հակասոցիալական վարք դրսևորած երեխաների կրթական կարիքի գնահատում չեն իրականացնում՝ գործիքակազմ չունենալու պատճառով։ Նախարարությունն այս հարցում ակնկալում է մասնագիտական հանրույթի և համայնքային կառույցների աջակցությունը։ Կարիքների գնահատումը թույլ կտա վերանայել դպրոցի ֆինանսավորման ձևը և լուծում գտնել երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման համար։ Կրթության նախարարության ներքին հրահանգով այս պահին դադարեցված է ընդունելությունը Վարդաշենի կրթահամալիր, ինչի պատճառով տարբեր համայնքներում բազմաթիվ երեխաներ սպասման մեջ են և զրկված ծառայություն ստանալու իրենց իրավունքից։ Այս իրավիճակը կարող է ձգվել մինչև 2025թ-ը, մինչև հաստատության վերակազմակերպման համար նշանակված ժամկետը։ Ուստի անհրաժեշտ է հասկանալ ստեղծված իրավիճակում երեխաների պաշտպանությամբ զբաղվող տարբեր համայնքային և գերատեսչական կառույցների անելիքներն ու ծրագրերը։ Ի դեպ, մինչ այս փորձագիտական քննարկումը, ԿԳՆ-ն, որի ենթակայության տակ է գործում Վարդաշենի կրթահամալիրը, չի դիտարկել այս դպրոցի խնդիրն իբրև գերակա և չի արձագանքել ՓՀ կազմակերպության պատրաստած զեկույցին՝ դպրոցում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ։ Նույնը վերաբերում է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որն ըստ էության, պատասխանատու է երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների ու կարիքների լուծման համար։ ԿԳՆ պաշտոնյան հայտնեց, որ դպրոցի թեմայով միջգերատեսչական քննարկումները կսկսեն փետրվարի երկրորդ կեսից։

Փորձագիտական քննարկման ժամանակ արձանագրված խնդիրներն ու առաջարկները.

ա/Հստակեցնել «հակասոցիալական վարք» հասկացությունը։ Հստակ գործիքակազմով գնահատել երեխաների ռիսկայնության աստիճանը։ Ներդնել այս պահին  դպրոցում գտնվող երեխաների վերագնահատման հստակ մեխանիզմ՝ ընտանիքների հետ երեխաների վերամիավորման հնարավորությունների ճշտման համար։

Փորձագիտական քննարկման ժամանակ ՓՀ-ին առաջարկեց երեխաների ռիսկայնության չափման իրենց մշակած գործիքները, որոնք կօգնեն առանձնացնել հակասոցիալական վարք ունեցող և չունեցող երեխաներին և կանխել ակնհայտ հակասոցիալական վարք չունեցող երեխաների հետագա մուտքը Վարդաշենի հատուկ կրթահամալիր։ ՓՀ-ն փորձագիտական քննարկմանը զուգահեռ կազմակերպած իր աշխատաժողովի ժամանակ գործնականում սկսել է այդ գործիքների փորձարկումը և առաջարկում է աշխատել ընդլայնված թիմով։

բ/ Հստակեցնել հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հայտնաբերման մեխանիզմները և ուղղորդման ընթացակարգերը։

Փորձը ցույց է տալիս, որ քանի դեռ երեխան չունի կարգավիճակ, նրանով չեն հետաքրքրվում ԽՀՄ, ԵԻՊԲ կամ ԱԳԲ մարմինները։ Երեխան հայտնվում է սոցծառայության ուշադրության կենտրոնում միայն այն բանից հետո, երբ դպրոցում նրա բացակայությունների թիվն անցնում է 120 ժամը։ Դպրոցներում գործում է բացակայությունները թաքցնելու արատավոր պրակտիկան, որը թույլ չի տալիս ժամանակին բացահայտել երեխաների խնդիրները։ Հաճախ դպրոցը փորձում է այդ խնդիրներից ինքնուրույն գլուխ հանել, ինչը հետաձգում է երեխայի և ընտանիքի հետ շտկողական աշխատանքը, խնդիրների նկատմամբ ճիշտ մասնագիտական մոտեցման կիրառումը։ Երեխաների հայտնաբերման և ուղղորդման ընթացակարգերի անհստակության պատճառով, երեխաները հատուկ կրթահամալիր են ուղղորդվում առանց  մասնագիտական եզրակացության։

գ/ Վերանայել Վարդաշենի թիվ 1 հատուկ կրթահամալիրի կրթական չափորոշիչները և կրթական վերջնարդյունքները։ Մինչև դպրոցի վերակազմակերպման գործընթացը, համալրել կրթահամալիրը վարքային խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող  անհրաժեշտ մասնագետներով, մասնագիտական և մեթոդական անհրաժեշտ նյութերով։ Կրթահամալիրի ուսումնական ծրագրերը հակասոցիալական վարք դրսևորած երեխաների համար անհատականացված չեն։ Սահմանված չեն կրթական այնպիսի վերջնարդյունքներ, որոնք իրատեսական են և մոտիվացնում են երեխաների  կրթությունը։ Առաջարկվում է հակասոցիալական վարք դրսևորած երեխաների համար սահմանել այլ չափորոշիչներ։

 դ/ Համայնքներում ներդնել համայնքային կանխարգելման ծառայություններ՝ արհեստավարժ և մոտիվացված  մասնագետներով՝ /հոգեբաններ, սոցիալական մանկավարժներ/, որոնք կաջակցեն դեպք վարողների ինստիտուտին։ Իսկ այն համայնքներում, որտեղ կան ծառայություններ, բարձրացնել արդյունավետությունը։ 

Այս ծառայությունների բացակայությունը պարարտ հող է ստեղծում  Վարդաշենի կրթահամալիր երեխաների անհարկի ուղղորդումների համար։ Հատկապես, երբ վերջին մեկ տարին համայնքներում սպասման մեջ գտնվող երեխաներ կան և նրանք այդ ծառայությունների կարիքն ունեն։ Ներառական կրթությամբ դպրոցների հոգեբանները հրաժարվում են աշխատել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հետ,  սահմանափակվելով միայն ԿԱՊԿՈՒ երեխաների հետ աշխատանքով։ Այս ծառայությունների աշխատանքը անհրաժեշտ է համայնքում երեխաների իրավունքների ոտնահարումը կանխելու համար։ Վարդաշենում հաճախ բացահայտվում է, որ համայնքը տեղյակ չէ այն մասին, որ երեխան ենթարկվել է բռնության և թրաֆիկինգի և նրա վարքն պամանավորված է պաշտպանական ռեակցիայով։ Համայնքային որակյալ ծառայություններն անհրաժեշտ են նաև դպրոցից դեպի համայնք ուղղորդված երեխաների պաշտպանության համար, որպեսզի նրանք  չվերադառնան կրթահամալիր։ Համայնքներում երեխաների ընտանիքների վիճակը բարելավելուն ուղղված հստակ պլանավորված միջոլորտային աշխատանք չի տարվում։ Այս կարիքը հաստատվում է այն վիճակագրությամբ, որ կրթահամալիրի սաների գրեթե մեկ երրորդը վերընդունված երեխաներ են։

ե/ Համայնքներում ստեղծել ծնողավարման ակումբներ, երկարօրյա դպրոցներ, որոնք կկրթեն ծնողներին և անհրաժեշտության դեպքում կթեթևացնեն նրանց սոցիալական բեռը։

Այս իմաստով հատկապես խոցելի են Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերը, որտեղ հկ սեկտորը առավել պասիվ է, իսկ պետական ծառայություններից առկա է միայն սոցիալական աջակցության տարածքային կենտրոնը։ Առաջարկվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պահանջել ստեղծել այս ծառայությունները։ Զուգահեռ արձանագրվեց, որ շատ ծնողներ առանց հիմնավորման, հրաժարվում են իրենց երեխաներին կրթահամալիրից տանել տուն, նույնիսկ եթե ունեն հկ սեկտորի աջակցությունը։ Այս դեպքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է պատրաստ լինի ստանձնել  երեխաների պաշտպանությունը։ Անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն ծնողական իրավունքից զրկելու դատական նախադեպեր, որոնց համար իրավական հիմքերը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են։ Այս դեպքում էլ անհրաժեշտ է հստակ սահմանել, թե ո՞ր օղակն է իրականացնելու այդ գործընթացը։

 

զ/ Հստակեցնել թիվ 1 հանրապետական կրթահամալիրի ձևաչափը։

Կրթահամալիրն այս պահին բաց ռեժիմով, գիշերօթիկ դպրոց է, որի սաները երթևեկելու, գիշերելու կամ չգիշերելու իրավունք ունեն։ Այս մոդելի դեպքում, դպրոցի պատերից դուրս կրթահամալիրը չի կարողանում երեխաների լիարժեք պաշտպանություն իրականացնել։ Հայտնի են դեպքեր, երբ կրթահամալիրից դուրս գալիս երեխաները ենթարկվել են տարբեր բռնությունների, ճնշումների՝ ինչպես ընտանիքների, այնպես էլ կողմնակի անձանց կողմից,  դիմել են նաև իրավախախտումների։ Կրթահամալիրի իրականացրած աշխատանքներն այս դեպքում դառնում են անարդյունավետ, հատկապես, որ կրթահամալիրը չունի աջակիցներ համայնքներում։ Ուղղորդող համայնքներն, իբրև կանոն կրթահամալիրի հետ կապ չեն պահում։ Փորձագիտական հանրությունն առաջարկում է դպրոցի փոխարեն ստեղծել ճգնաժամային կենտրոն՝ այլընտրանքային ուսուցման ծրագրով, երեխաների վերագնահատման հստակ համակարգով/որը թույլ կտա արձանագրել երեխայի առաջընթացը և վերադարձի հնարավորությունը/։ Այն պետք է լինի կարճաժամկետ և ինտենսիվ ծառայություն մատուցի միայն իրավախախտ երեխաներին։ Ընդ որում, ծառայության կարգավիճակը պետք է հստակ լինի, առանց երեխայի կամ ծնողի կամայական ընտրության հնարավորության։ Զուգահեռ, Սոցիալական աջակցության ծառայությունը պետք է աշխատի հնարավոր ռիսկերի մեղմման ուղղությամբ։ Փորձագետների մեծ մասը հակված է այն կարծիքին, որ այդ կենտրոնը պետք է ստեղծվի համայնքում, որտեղ բոլոր գերատեսչությունները կաշխատեն միջմասնագիտական թիմով։ Մյուս մասը կարծում է, որ դա պետք է լինի ոչ թե համայնքային կառույց, այլ պետք է ունենա պետական կարգավիճակ։ Առաջարկվեց անդրադառնալ նաև ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի աջակցությամբ մշակված՝ կրահամալրիրի վերափոխման մոդելին: Աննպատակահարմար համարվեց կրթահամալիրի ներկայիս մեծ շենքը: Փոխարենը առաջարկվում է ունենալ փոքր խմբերին /6-9 հոգանոց/ հարմարեցված տարածք, որտեղ երեխաների կյանքի ռիթմը առավել մոտ կլինի ընտանեկանին և սոցիալական վերակագնման կարիք ունեցող երեխաներին կմատուցվեն նեղ մասնագիտացված ծառայություններ/ սոցիալական մանկավարժի, հոգեբանի, կլինիկական հոգեբանի, կլինիկական սոցիալական աշխատողի,  մանկական  հոգեբույժի և այլն/: Երեխաները կարող են հաճախել մոտակա համայնքային դպրոց, որտեղ աշխատում են վերապատրաստված ուսուցիչներ: Իբրև ավելի գլոբալ ռեֆորմ, առաջարկվում են կառուցվածքային փոփոխություններ, մասնավորաբար միջգերատեսչական քաշքշուկներից ազատվելու համար առաջարկվում է ստեղծել սոցիալական ծառայությունների գործակալություն: 

Փորձագիտական քննարկման ժամանակ առաջարկվեց նաև ամբողջացնել երեխաների վերաբերյալ տարբեր կառույցների ստեղծած տվյալների բազաները և այդ տվյալների փոխանակման արդյունավետ մեխանիզմ ստեղծել, որպեսզի դրանք դառնան օգտագործելի։ Կրթության նախարարությունը հանձնառեց հանդես գալ խնդիրների լուծմանը միտված նախաձեռնություններով։

Ամփոփագրի համար հիմք է հանդիսացել 2019 թվականի փետրվարի 12-13-ին կազմակերպված «ՀՀ-ում հակասոցիալական վարք դրսևորած անչափահասների իրավունքների պաշտպանությունը հատուկ կրթական հաստատությունում» թեմայով  փորձագիտական քննարկումը:

Քննարկումն կազմակերպվել էր Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի կողմից Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի հետ համապատեղ Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ իրականացվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակներում և Փրոջեք Հարմոնի հայկական գրասենյակի հետ համագործակցությամբ «Իրավական կրթություն և ակտիվ մասնակցության ծրագրի» շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեպ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերենշնլ» կազմակերպության կողմից:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության,  Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի և ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեպ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի տեսակետները:

Print Friendly and PDF