ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ. «Մարդու իրավունքների լուսաբանումը փակ հաստատություններում»
   

 Լօգօ.png

 

 

Մամլո հաղորդագրություն

«Մարդու իրավունքների լուսաբանումը փակ հաստատություններում» 

Լրագրողական ուղեցույց, որ պարտադիր է մարդու իրավունքներ լուսաբանող բոլոր լրագրողների համար։

Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն հրապարակել է «Մարդու իրավունքների լուսաբանումը փակ հաստատություններում» լրագրողական ուղեցույց, որը պատրաստվել է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ համատեղ:

Ուղեցույցի նպատակն է օգնել լրագրողներին պատրաստել այնպիսի նյութեր, որոնք կտարբերվեն իրենց պրոֆեսիոնալիզմով և կդառնան լրագրողական էթիկայի պահպանման օրինակելի նյութեր։

Մարդու իրավունքների խնդիրները փակ աշխարհում՝ քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանատներում, հոգեբուժարաններում, հատուկ դպրոցներում, մանկատներում պահանջում են զգայուն և պրոֆեսիոնալ լրագրողական մոտեցումներ և լուսաբանում,  խնդիրները վեր հանելու, հանրությանն իրազեկելու և չվնասելու սկզբունքով լրագրողական աշխատանքներ ու նյութեր պատրաստելու համար։

Մարդու իրավունքներն ուսումնասիրելու վերաբերյալ գրքերը շատ են․սակայն լրագրողների համար օգտակար, հայերեն լեզվով մշակված, մասնավորապես փակ կառույցներում  մարդու իրավունքների խնդիրների լուսաբանմանը նվիրված համապարփակ ուղեցույցը մասնագիտական վերապատրաստման համար անհրաժեշտ նորույթ է։

«Մարդու իրավունքների լուսաբանումը փակ հաստատություններում»  ուղեցույցը հասանելի է առցանց ՝ այստեղ: Առաջիկայում պատրաստ կլինի նաև տպագիր տարբերակը, որի շուրջ կկազմակերպվի քննարկումների ու ներկայացումների շարք՝ ինչպես մասնագիտական լսարանի, այնպես էլ ուսանողների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ուղեցույցի վրա աշխատել են հետաքննական լրագրությունում մասնագիտացած լրագրող, իրավաբան Զարուհի Մեջլումյանը և իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Ուղեցույցի վերաբերյալ մասնագիտական կարծիք և առաջարկներ են տրամադրել "Save the Children International" միջազգային կազմակերպության Հայաստանյան ներկայացուցչությունը, ՀՀ Սոցիալական պաշտպանության նախարարությունը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ՀՀ Արդարադատոության նախարարությունը, ինչի համար ծրագիրն իրականացնողները հայտնում են իրենց շնորհակալությունը։

--

«Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի նպատակն է նպաստել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը` հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։

 
 
 
 
 
 
 
 
 
   
Print Friendly and PDF